Մեխանիկական աշխատանք
Մարմնի արագության փոփոխության պատճառը ուժն է: Փորձերի արդյունքում պարզվել է, որ.
Ուշադրություն
1. Ուժի ուղղությամբ միևնույն ճանապարհի վրա մեծ ուժը մարմնին ավելի մեծ արագություն է հաղորդում, քան փոքրը:
2. Ուժի ուղղությամբ որքան շատ ճանապարհ է անցնում մարմինն, այնքան ավելի մեծ արագություն է ձեռք բերում
Միավորելով այս եզրակացությունները, կարող ենք պնդել, որ ուժի ազդեցության հետևանքով մարմնի ձեռք բերած արագությունը կախված է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալից: Որքան մեծ է այդ արտադրյալը, այնքան մեծ արագություն է ձեռք բերում մարմինը:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին, կոչվում է ուժի կատարած մեխանիկական աշխատանք (կամ պարզապես աշխատանք):
Աշխատանք = Ուժ × Ճանապարհ։
Եթե աշխատանքը նշանակենք A տառով, ապա F ուժի կատարած աշխատանքը նրա ուղղությամբ S ճանապարհ անցնելիս կլինի. A=F×S
Մարմնի վրա F ուժով ազդում է ինչ-որ այլ մարմին, ուստի, F ուժի կատարած աշխատանք արտահայտության փոխարեն հաճախ ասում են՝ այդ մարմնի կատարած աշխատանք:
Օրինակ
Հայտնի է, որ մեքենան տեղից շարժում է դադարի շփման ուժը: Քանի որ այդ ուժն առաջանում է շարժիչի աշխատանքի շնորհիվ, ուստի ասում են, որ աշխատանք կատարում է շարժիչը: Երբեմն էլ չեն նշում ո՛չ ուժը, ո՛չ էլ մարմինը, որի կողմից ազդում է ուժը:
Ասում են, որ մարմինը տեղափոխելիս աշխատանք է կատարվել:
Աշխատանքի սահմանումից բխող հետևություններ
Ուշադրություն
ա) Եթե մարմնի վրա ուժ է ազդում, բայց այն տեղից չի շարժվում, ապա աշխատանք չի կատարվում: Իրոք, եթե մարմինը տեղից չի շարժվում, ապա՝ S=0, ուստի, բանաձևից հետևում է, որ A=0:
բ) Իներցիայով շարժվելիս աշխատանք չի կատարվում: Եթե մարմինը շարժվում է իներցիայով, ապա նրա վրա ուժեր չեն ազդում, այսինքն՝ F=0, հետևաբար՝ A=0:
Աշխատանքի միավոր
Միավորների ՄՀ -ում որպես աշխատանքի միավոր ընդունված է 1 Ն ուժի կատարած աշխատանքը՝ այդ ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս:
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի (1818−1889)` այդ միավորն անվանում են ջոուլ (Ջ).
1 Ջ = 1 Ն × մ:
Գործնականում հաճախ կիրառվում են նաև աշխատանքի կիլոջոուլ և միլիջոուլ միավորները՝ 1 կՋ = 1000 Ջ և 1 մՋ = 0,001 Ջ։
Աղբյուրները