14․09․2021

Հեքիաթի խորհրդանիշները

1.Դրախտի կարգն է, արդար ու ներդաշնակ Արար աշխարհը:
2. Կատարւում է առաջին մեղքը, եւ այն կատարւում է այգու պահապանների՝ այգեպանների կողմից:
3. Մարդու մէջ պղծւում է Կենաց Ծառը՝ Մարդու աշխարհը: Մարդը զրկւում է մարդկային յատկանիշներից, Մարդու նշանից, վերածւում է վայրենու, գազանի:
4. Բնութեան, բնական տիեզերքի գաղտնիքները չեն օգնում, որովհետեւ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ՝ Մարդու աստուածային աշխարհը, դուրս է այդ ամէնից: Այս աշխարհի ճարը չի կարող փրկել մարդուն հոգեւոր աշխարհի աղաւաղումից:
5. ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔ
Նոյն՝ անմահութեան Եդեմական Ծաղիկը, Անմահական Ջուրը, Անմահական Խնձորը եւ այլն = Կենաց Ծառ, Կենաց Ծառի ջուրը, պտուղը եւ այլն:
Հէքիաթի մէկ այլ տարբերակի համաձայն՝ պէտք է բերել երեք բան.
ա) Հազարան Հաւքը (եւ թռչունները միաձայն կ’երգեն):
բ) Խօսող ծառը (հազարաւոր անտեսանելի բերաններ ունի, որոնք երգում են խմբովին, եւ բնութեան ձայները երբեք չեն կարող համեմատուել նրա հետ):
գ) Ոսկեցնցուղ Ջուրը (այն գերազանց է աշխարհի բոլոր աղբիւրներից ու գետերից, վտակներից ու ծովերից.
նրա մի կաթիլը ծով կը լցնի, անյատնում է, անսպառ, եւ այդ ջրից են իրենց ծարաւը յագեցնում Հազարան Հաւքն ու Խօսող Ծառը՝ իր հազարաւոր բերաններով):
6.Արեգն արդարութեան Արեգակի խորհրդանիշն է: Նա իր լոյսն անսպառ ու առատ սփռում է աշխարհի վրայ ու լուսաւորում մարդկանց միտքն ու հոգին եւ այլն:
7.Ճամփաբաժանը Կենաց Ծառի աշխարհի՝ տիեզերակարգի կենտրոնն է, Արարչի «տեղը», որից եւ որտեղից մեկնել եւ որին վերադառնալու են ամէնն ու ամէնքը: Այդ Կենտրոնում է «Լուս ու Մութ» պահը (արարչական ժամանակը), որից մեկնում են գիշերն ու ցերեկը: Սեւ կծիկ = գիշեր, սպիտակ կծիկ = ցերեկ:
8.ՄԵԾ ՈՒ ԼԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Իր անձի ֆիզիկական անվտանգութեան եւ ապահովութեան գերադասումը արդար գործից ու Մարդու ճանապարհից՝ Նպատակից: Ամենահեշտ ճանապարհը, որով կը գտնի վայելքներ, երկրային հարստութիւն եւ աղքատութիւն, բայց ոչ՝ Կենաց Ծառ: Նիւթական շահն առանց հոգեւոր շահի: Համաձայն է «փնտրել» Կենաց Ծառը միայն այն դէպքում, եթէ չլինի զրկանք, փշոտ ճանապարհ ու վտանգ:

ՄԻՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ.
Բովանդակութեամբ մեծ ճանապարհի մի տարբերակը՝ այն հիմնական տարբերութեամբ, որ պատահարն ու արկածախնդրութիւնն աւելի անապահով են դարձրել այս ճանապարհը:

ՆԵՂ ՃԱՆԱՊԱՐՀ.
Կենաց Ծառի ճանապարհը՝ դուրս երկրային օրէնքներից, ընտրեալի ճանապարհը՝ գերմարդկային ճիգեր պահանջող, հողեղէնի համար անհնարին: Անձնազոհութեան, անձնուրացութեան, հերոսութեան ուղին յանուն արարչական բանականութեան ու ոգեղէնութեան, ինչն ընտրեալին է միայն տրուած:
Կենաց Ծառը բերողը, դէպի Կենաց Ծառ գնացողը պէտք է գնա շիտակ, ուղիղ, անվախ ու վեհեր, հաւատով ու ոգու ուժով՝ արհամարհելով ու յաղթահարելով երկրային այն օրէնքներն ու սովորոյթները, որոնք իշխում են աղաւաղուած հասարակարգերում: Եւ ամբողջ հոգով պիտի նուիրուի Նպատակին, գնա առանց յետ նայելու, թէ չէ քարկը դառնայ (տե՛ս՝ ՍեւՍեւ քարերի մեկնութիւնը):
9.ՍԵՒ ԱՇԽԱՐՀ.
Կենաց Ծառի աշխարհի հողը = Հող տարերք (տե՛ս՝ տիեզերակարգը): Հող տարերքի զուգահեռ գոյնը սեւն է: Սեւ դեւը Կենաց Ծառի աշխարհի (տիեզերակարգի) ազնիւ տարերքը պղծող, աղաւաղող չար ուժն է, ինչպէս աստուածաշնչեան օձը: Այդ օձօձերն այն չար (ոչ ար) երեւոյթներն են, որոնք ապականում են Կենաց Ծառի տարերքները (բովանդակութիւնը, էութիւնը, կարգ ու կանոնը եւ այլն):
10. ԿԱՊՈՅՏ ԱՇԽԱՐՀ.
Կապոյտ ծով = Ջուր տարերք:
Երկաթէ Ձեռքը անարդար իշխանութեան խորհրդանիշ է. այն չար ուժն է, որ պղծել է կենտրոնը: Երկաթը կենտրոնի՝ Արարչի «տեղի» զուգահեռ մետաղն է:
11. ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀ.
Կարմիր աշխարհ = Օդ տարերք:
Նախագոյ Ջուր տարերքից են մեկնել միւս տարերքները (տե՛ս՝ «Է Արար». Տրոհում բաժինը): Քամի Ձին պահուած է ծովում (Ջուր տարերք), բայց երկինք բարձրանալով՝ վերաբերում է Օդ տարերքին: Օդ տարերքին յաջորդում է Հուր տարերքը (զուգահեռն է՝ Սպիտակ աշխարհը), եւ Քամի Ձին Արեգին տանում է մինչ եւ Հուր տարերք (Սպիտակ աշխարհ): Միջնադարեան ձեռագրերում երբեմն չորս տարերքները գրւում են այսպէս՝ Երկիր, Ջուր, Հողմ, Հուր: Այսինքն՝ Օդ տարերքն անուանւում է նաեւ Հողմ (Քամի): Հէքիաթի մէկ այլ տարբերակում Արեգը Քամի Ձին ձեռք է բերում Կարմիր աշխարհում (Օդ տարերք գլխաւոր գոյները՝ կանաչկարմիր, եղանակը՝ գարուն):
Հէքիաթի մէկ ուրիշ տարբերակում իւրաքանչիւր տարերքի աղջիկն Արեգին մի ձի է տալիս՝ համապատասխան տուեալ տարերքի գոյնին. այսպէս՝
Սեւ ձիՍեւ աշխարհում (Հող տարերք).
Կարմիր ձիԿարմիր աշխարհում (Օդ տարերք).
Սպիտակ ձիՍպիտակ աշխարհում (Հուր տարերք):
Իսկ Ծովի ձին վերաբերում է Ջուր տարերքին (Կապոյտ ծովԿապոյտ աշխարհ):
Հէքիաթի մեր հաւաքական տարբերակում Քամի Ձին երկակի էութիւն ունի: Ծովի մէջ՝ Կապոյտ աշխարհում, վերաբերում է Ջուր տարերքին, եւ տիեզերակարգում Ջուր տարերքում է Կոյս կենդանակերպին զուգահեռ Ծովին ար աստուածահին, որը ժողովրդական բանահիւսութեան մէջ ներկայանում է նաեւ որպէս երկնային ծովի, ամպրոպի աստուածուհի (ծովեանկայծակ հոմանիշներ են, Սասունցի Դաւիթ Էպոսում Ծովինարը ջրային էութիւն ունի եւ այլն, վերջինը ամենահին շերտն է): Քամի Ձին ելնելով Օդ եւ Արեգին հասցնելով Կարմիր աշխարհ՝ արդէն վերաբերում է Օդ տարերքին: Նոյն տարերքում է Այծեղջիւրին համապատասխան Վահագն աստուածութիւնը (այծկայծակՎահագն վիշապաքաղվիշապայծ. քաղ նշանակում է ե՛ւ այծ, ե՛ւ քաղել, դրանք կապ ունեն միմեանց հետ, Վահագնը ծնւում է կարմիր եղէգնից եւ այլն):
12. ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀ.
Սպիտակ աշխարհ = Հուր տարերք մետաղը՝ ոսկի:
Հուր տարերքի սկզբնական կենդանակերպերն են՝ Ջրհոս, Ձուկ, Խոյ: Սպիտակ ծով = Ջրհոս (ոսկի ծով): Ձուկը տանում է բերանով (տիեզերակարգում մարդու մարմնի մասերից բերանը համապատասխանում է Ձուկ կենդանակերպին): Դա հէքիաթներում հանդիպող նոյն Ոսկէ Ձուկն է: Արեգը յետոյ հասնում է Խոյին Լուսեղէն ապարանքի մօտ (տե՛ս՝ համապատասխան տեղում): Աժդահայ այն ուժը, որ վերջին ճիգերին նոր թափ է տալիս, որը հասցնում է Կախարդական աշխարհի սահմ անը: Նաեւ այն ուժն է, որ խորհրդանշում է գաղտնիքի փոխանցումը:
13. ՍԵՒՍԵՒ ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ.
«Քար» աշխարհի՝ երկրային աններդաշնակ կեանքի՝ այս աշխարհի (հասարակական խառնաշփոթ աշխարհի) երկրայինի թելադրած դէպքերը, շրջապատի ընթացքը, կենցաղն ու երկրային մարդիկ (թէկուզ հարազատներ ու բարեկամներ), որոնք թելադրում են իրենցը (ոչ Աստծունը), եւ թելադրւում են իրենց նմաններից, կանչում են օգնութեան՝ ծառայելու աղաւաղուած աշխարհին՝ քաոսին՝ հրապուրանքների կանչը, որոնց եթէ տրուի մարդը՝ նայի շուրջը կամ՝ յետ, ապա քար կը դառնայ, զի դրանց տուածը քար է, եւ իրենք էլ քար են, ոչ՝ Կեանք: Հէքիաթի այլ տարբերակում դրանք մարդիկ են, որ գնացել են Հազարան Հաւքը բերելու, եւ կախարդը նրանց քար է դարձրել, կամ այդտեղ եղել է քաղաք եւ յանկարծ կախարդի ճիպոտի հարուածով ողջ քաղաքն արձանացել է:
14. ԼԵՂԻ ԳԵՏԸ.
Դա եղել է անապական, անմահական Ջուրը՝ Կեանքի ջուրը, Դրախտի ջուրը, որին խառնուել է լեղին ու թոյնը (ապականութիւնը):
Տիրուհին ինքը կախարդուած է, ապրում է կախարդուած աշխարհում, պղծուած «համակարգում»: Բայց ինքը՝ Տիրուհին, այս աշխարհից չէ, Արար աշխարհից է, կախարդել են նրան, եւ հէքիաթի մի տարբերակում նա ասում է, որ ինքը կախարդել է այս աշխարհը, որ մարդիկ չգան Հաւքի յետեւից: Արեգի համար այդ լեղի թոյնը նաեւ այս աշխարհի օրէնքների կապանքներով բռնուած սիրած աղջկայ տուած լեղիթոյնն է՝ խառնուած կեանքի ջրին: Իր բաժին «դառնութեան բաժակը», որ առանց տրտնջալու պէտք է խմի Արեգն ու շարունակի իր ճանապարհը: Համեմատի՛ր, Յիսուսին խաչի վրայ լեղի են մատուցում: Ի դէպ, սխոլաստիկ համակարգերում լեղին Հուր տարերքի (եւ Արեւի) զուգահեռն է:
15. ՓՇՈՏ ԱՆԱՊԱՏ.
Դա եղել է մարդու մէջ ապրող Դրախտի դաշտը, որ անապատ է դարձել: Անապատը մահ է ու դատարկութիւն: Դրախտի ծաղիկը մարդու հոգում չորացել, դարձել է փուշ, եւ այդ մեծ ողբերգութիւնը, ահն ու մահը չեն տիրում Արեգին: Արեգն անտրտունջ քայլում է այդ դաշտով, հոտ քաշում փշից ու ասում. «Ա՜խ, ինչ անուշ է, իսկը դրախտի ծաղիկն է»:
16. ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐ.
Մարդուն ճանապարհից շեղող ու յաղթող զուարճութիւններն ու զաւեշտները (սրանք գայթակղութիւն ու թակարդ են), անմիտ ու աննպատակ բախտախնդիրները, որոնք մարդուն քաշում են իրենց խաղի մէջ: Երբ մարդն արհամարհում է դրանց, եւ երբ տեսնում են, որ չեն կարող յաղթել մարդուն, դարձնել իրենց նման, ապա սկսում են ծաղրել, անպատուել, հայհոյել, թքել, որպէսզի այս անգամ մարդուն քաշեն՝ ներգրաւեն խաղպայքարի, իրենց «կռուի» մէջ, եւ դրան տրուելով՝ մարդն անտեղի ու զուր կռիւ կը մղի, եւ թուացեալ յաղթանակն էլ պարտութիւն կը լինի: Մարդը պէտք է առանց ուշադրութիւն դարձնելու դրանց՝ գնա Արարչի նշած ճանապարհով, դէպի մեծ Գործը, դէպի Յաղթանակ, դէպի Կենաց Ծառ: Եւ եթէ մարդը խեղկատակների ապտակին ապտակով պատասխանի, ապա այդպէս էլ կը շարունակի, կը դառնայ նրանց նման, եւ կ’ընթանայ անվերջ, անիմաստ, հիպնոսային տուրու դմփոցը կամ «պայքարը»: Եթէ մարդն ուշադրութիւն դարձնի երկրային այդ ծաղրին, ապա միայն դուրս կը գայ հաւասարակշռութիւնից, կամ իր ջանքերը զուր կ’անցնեն, կը կորցնի ճանապարհը, զի ծաղրում են ոչ թէ չիմանալուց (այս աշխարհի ոչ իմանալն է իմանալ, ոչ էլ չիմանալն է՝ չիմանալ), այլ հէնց՝ այդ ծաղրն ու հայհոյանքը միայն ճանապարհը կտրելու, մարդու ընթացքը կանգնեցնելու համար է: Բայց իրենց (այս աշխարհի) ոչ յաղթանակն է յաղթանակ, ոչ պարտութիւնն է պարտութիւն, զի այս աշխարհի ոչ լաւն է լաւ, ոչ վատն է վատ: Ասուածից պէտք է պարզ լինի, որ «այս աշխարհ» ասելով՝ նկատի չի առնւում ֆիզիկական աշխարհը, բնութիւնը, այլ նկատի է առնւում մարդու ներաշխարհի չարը, հասարակական կեանքի չարը, զի չարն ու բարին մարդուն են վերաբերում: Բարին Կենաց Ծառի աշխարհն է մարդու մէջ: Չարը մարդու կողմից այդ աշխարհի աղաւաղումն է, ոչնչացումն է իր մէջ, այսինքն՝ Մարդկայինի ոչնչացումն է:
17. ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԼՈՒՍԵՂԷՆ ԱՊԱՐԱՆՔ.
Աստծոյ տաճարը՝ հոգեւոր երկինք տաճարը, ուր պահւում է Կեանքի Ծառը, աստուածային խորհուրդը, արուեստի եւ հոգու շնորհը: Այդ Տաճարն աղաւաղուել է մարդկանց մէջ կամ քնած է նրանց ներսում, եւ չեն լսում Տաճարի կանչը:
18. ԽՈՅ ԵՒ ԱՌԻՒԾ.
Խոտը եւ միսը դնելով իրենց ճիշտ տեղերում՝ Արեգը կարգաւորում է տիեզերակարգը (քանզի խառնուած էր): Այսօր ամռան 3րդ ամսում ծնուածի կենդանակերպը համարւում է Առիւծը: Սակայն այդպէս չի եղել հնում: Հնագոյն համակարգում ամռան 3րդ ամիսը համապատասխանել է Խոյ կենդանակերպին (Հուր տարերքԱմառԽոյ): Այսինքն՝ Արեգը վերականգնում է Սկիզբը, սկզբնական անխառն եւ անշարժ տիեզերակարգը:
19. ա) ԲԱՑ ԴՈՒՌ.
Այն աղաւաղուած համակարգը, որը տեսանելի է, մակերեսում է եւ յայտնի է այս աշխարհին: Արեգը փակում է այդ դուռը:
բ) ՓԱԿ ԴՈՒՌ.
Այն պահպանում է Սկզբի անաղարտ համակարգը: Այն ծածուկ է. տեսնում են եւ չեն տեսնում: Արեգը բացում է փակ դուռը, բացում է գաղտնիքի ճանապարհը, որպէսզի տիրանայ բացայայտ ճշմարտութեանը:
20. ՔՆԱԾ ՏԻՐՈՒՀԻՆ.
Արարչի աշխարհի, Արեգի աշխարհի աննման աղջիկը կախարդուած քնած է:
ԱՍՏՂԸ ՃԱԿԱՏԻՆ.
Դա Արար աշխարհի գոյնով վառուած տարաշխարհիկ աստղն է: Չքնաղ Տիրուհին տարաշխարհիկ է, եւ իր ճակատին աստուածային երկնքի աստղն է վառւում:
ՄՈՄԵՐ.
Ոսկին Հուր տարերքի եւ Արեւի խորհրդանիշ մետաղն է եւ տիեզերակարգում համապատասխանում է մարդու գլխին: Այդ պատճառով էլ ոսկէ մոմակալը աղջկայ գլխավերեւում է գտնւում:
Արծաթը Հող տարերքի զուգահեռ մետաղն է եւ համապատասխանում է մարդու ոտքերին:
ՄԱՀԻԿԱՁԵՒ ԼՈՒՍԻՆԸ ԱՂՋԿԱՅ ԿՐԾՔԻՆ.
Մահիկաձեւ լուսնի խորհուրդը մահն է (քունը): Կենաց Ծառի կամ Արար աշխարհի պղծման պատճառով աղջկ այ վրայ մահաբեր քուն է եկել:
Այլ հէքիաթներում չար կախարդն աղջկան քար է դարձնում կամ թունաւոր խնձորի միջոցով մահաբեր քնի է մատնում աղջկան: Եւ երբ թագաւորի տղան սպանում է կախարդին եւ համբուրում է աղջկան, աղջիկը կենդանանում է, արթնանում, յարութիւն է առնում: Այլ տարբերակում կախարդուած աղջիկն ինքն էլ է կարողանում կախարդութիւններ անել, քանի որ ապականուած աշխարհի հետ հաշտուած թագուհին ինքնաբերաբար դառնում է ստի եւ կեղծիքի ծառան: Իսկ Կենաց Ծառի եւ Ճշմարտութեան ծառան արդարութեան եւ սիրոյ թագուհին է:
Հէքիաթի այլ տարբերակում աղջիկն Արեգին ասում է, որ մարդիկ ապականել են աշխարհը եւ իր կախարդանքի վախից չեն եկել Հազարան Հաւքի յետեւից:
Այլ տարբերակում նա կոչւում է վայրի աղջիկ, եւ այդ աղջիկը եօթ օր քնում է, եօթ օր արթուն մնում: Այսինքն՝աղջիկն արթնութեան, արդարութեան եւ քնի ու կեղծիքի մէջտեղում ասես մոլորուած լինի: Այս դաժան աշխարհի մոլուցքը, երկրային կարգն ու երկրայինները քուն են բերել աղջկան ու մահ սփռել աչքերին:
21. ԱՂՋԿԱՆ ՆԱՅԵԼՆ ՈՒ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ.
Արեգն այստե՛ղ միայն չի ենթարկւում տրուած խրատին: Դեւերին յաղթողը, հողեղէն մարդու համար անհնարին փորձութիւններից անցնողը նայում ու «յաղթւում» է սիրուց: Սակայն այդ համբոյրն է յետոյ յարութիւն տալիս աղջկան, այդ նայելու եւ համբոյրի արդիւնքում նրանք հասնում են իրար, եւ Սէրն է թագաւորում: Չնայելը նշանակում էր չտրուել, որն այլ բան է: Աղջիկը քնած էր այս աշխարհի պատճառով, եւ եթէ Արեգը ենթարկուէր նրան, ապա ինքն էլ կը դառնար կախարդուած եւ յաւիտեան կը մնար այնտեղ: Այնինչ Արեգը պէտք է Հազարան Հաւքը տանի, որ փոխի աշխարհը: Արեգը համբուրում է, բայց յաղթում է ինքն իրեն եւ չի մնում այնտեղ:
ԱՐԵԳԸ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Է ՄԱՏԱՆԻՆԵՐԸ.
Արծաթը, որ բոլորած Լուսնի զուգահեռ մետաղն է, դնում է աղջկայ մատին, իսկ ոսկին (Արեւի մետաղը) վերցնում է իրեն: Արեգն Արեւն է, Աղջիկը՝ Լուսինը (մահիկաձեւ լուսինը մահ է, իսկ լիալուսինը՝ կեանք ու լոյս Հող տարերքում):
Փաստօրէն, Արեգը կատարում է նշանդրեքի խորհուրդը (նշանուելիս աղջիկն ու տղան մատանիներ են փոխանակում): Հնագոյն հարսանեկան երգերում փեսային անուանում են Արեւ, հարսին՝ Լուսին:
Կուրծքը բացելը նշանակում է, որ Արեգը բացում է աղջկայ սիրտը, որ փակ էր եւ իր վրայ էր կրում քուն բերող մահիկաձեւ լուսինը: Մոմերի փոխելն ու շորերի քանդելը նշանակում է, որ քանդում ու խառնում է աղջկայ այդ աշխարհը, խախտում է այդ տեսակ անդորրը: Դա նկատում է աղջիկն արթնանալուց յետոյ եւ խուճապի մատնւում:
22. Ձայն են տալիս 4 տարերքները, տիեզերակարգում փոփոխուած միաւորները, եւ աւելի անտանելի խաղեր են յորինում խեղկատակները, զի խուճապահար տեսնում են, որ արդէն Արեգի ձեռքում է Կենաց Ծառը, որն իրենց վերջն է բերելու:
23. Հազարան Հաւքն ունենալով իր ձեռքում՝ Արեգը սուրում է առաջ, եւ յետդարձի ճանապարհը դառնում է հեշտ ու թեթեւ:
24. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ.
Տիեզերակարգի կենտրոնն է՝ Արարչի «տեղը», որտեղից սկիզբ են առել եւ ձեւաւորուել աշխարհակարգի միաւորները:
25. Արեգն ասում է. «Մէկ չի՝ դուք տարած, թէ՝ ես», որովհետեւ Արեգի համար իր անձը կարեւոր չէ: Իսկ եղբայրների համար կարեւորն իրենց անձն է, իրենց փառքը: Եւ եղբայրներն առեւտուր են անում մի բանի համար,որը դուրս է առեւտրից:
26. ՋՐՀՈՐ.
Արեգն ընկնում է այնտեղ, ուր վերջանում է ջուրը եւ շարունակւում է մութ հորը: Այդ մութ հորը, մութ դժոխքը խորհրդանշում է նաեւ դժոխքը, թաղումը: Արեգն իջնում է Ստորերկրեայ թագաւորութիւն՝ քանդելու դժոխքը: Եղբայրն երը կտրելով պարանը՝ կտրում են ճանապարի կապը: Արեգը յաղթել էր չար ուժերին, սակայն ամենամեծ վտանգը եկաւ հարազատներից, քանզի ամենավտանգաւորը «բարեկամ»թշնամին է, որի զէնքը «հարազատութիւնն» է, վստ
ահութիւնը չարաշահելն է, խաբէութիւնն է, մարդու սիրուց ու նուիրուածութիւնից օգտուելով՝ դաւաճանելն է:
27. Հաւքը չի երգում, որովհետեւ եղբայրներն անարդար են: Անարդար հողեղէն մարդը չի կարող միջնորդ լինել աստուածայինի եւ մարդկանց միջեւ, զի ինքն իր մէջ չի կրում արարչական լոյսը: Բայց նմանները պղծում են սրբութիւնն ու ճշմարտութիւնը, ապրում են այս աշխարհի մոլուցքով ու կարգով, կտրում են Լոյսը բերողի ճանապարհը, իրենք իրենց դնում ընտրեալի դերում (նոյնիսկ հաւատալով դրան), իրենց ներկայացնում աշխարհի շինարարներ, ճշմարտութեան քարոզիչներ: Սակայն իրականում իրենք էլ չեն դա անում, իրենք ոչինչ չեն կարող անել (զի քնած են կամ ոտքի վրայ մեռած), այլ՝ դա պատահում է իրենց հետ:
28. Մէկ այլ տարբերակում ասւում է, թէ՝ ով բերել է Հաւքը, նա էլ կարող է երգեցնել: Երկու տարբերակն էլ նոյն իմաստն ունեն, քանզի Հաւքը կ’երգի այն ժամանակ, երբ ե՛ւ տղան գայ, ե՛ւ աղջիկը գայ, երբ սէրը յաղթանակի:
29. ԱՐԾԻՒ.
Ար+ծիւ (թռչուն) = արիական թռչուն:
ՀՈՐ ԸՆԿՆԵԼԸ Մահ՝ թաղում:
ՀՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ յարութիւն առնել
Օձ Կենաց Ծառը պղծող օձը:
Արեգը յարութիւն է առնում, որովհետեւ փրկում է արծուի (արիական թռչունի) ձագերին եւ սպանում է օձին: Քրիստոսը մեռնում է խաչի վրայ, թաղւում է, իջնում դժոխք, քանդում դժոխքը, փրկում իր հօտը, ոտքի տակ առնում չար օձին, յարութիւն առնում:
Հէքիաթի այլ տարբերակում մի ծովի մօտ եղբայրները կապում են Արեգի ձեռքերը, հանում են աչքերը եւ Արեգին գցում են հորը: Երկնքից իջնում է արծիւը, արձակում է կապերը, հանում է Լոյս աշխարհ, իր փետուրից քսում է տղայի աչքերին եւ առողջացնում: Հորից դուրս գալու մէկ այլ տարբերակ նկարագրւուած է «Լուս ու մութ աշխարհ» հէքիաթում:
30. ՏԻՐՈՒՀԻՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է.
Արեգը համբուրել էր աղջկան, յաղթել կախարդանքին եւ տիրացել Հազարան Հաւքին: Տիրուհին արթնացել է եւ խուճապի մատնուել, քանի որ ոչ նախկին վիճակն ու կարգը կայ (Արեգը խառնել ու քանդել է նրա մօտ եղած դասաւորութիւնը), ոչ էլ նոր կարգը կայ:
Այլ տարբերակում աղջիկը, տխուր ու մոլորուած, ձեռքերը ծալած, նստում է ապարանքում: Յետոյ Արեգը, սիրով ու կարօտով վառուած, ու Հազարան Հաւքը երգեցնելու նպատակով գնում է աղջկայ մօտ, եւ երկուսով գալիս են Արեգի հօր այգին:
Մէկ ուրիշ հէքիաթում կախարդը քուն է բերում աղջկան, Արեգը սպանում է կախարդին, համբուրում է աղջկան, եւ աղջիկն արթնանում է:
Այլ հէքիաթում աղջիկն անցնելով փորձութիւնների միջով, փախչելով Սպիտակ դեւից՝ մտնում է մի սարի մէջ, ուր քնած է թագաւորի տղան՝ Արի Արմանալին: Աղջիկը համբուրում է տղային եւ արթնացնում նրան:
Քնած մարդը նախ պէտք է արթնանայ՝ գիտակցելու համար իր վիճակը, տեսնելու համար ճշմարտութիւնն ու կեղծիքը, գիտակցելու համար նորից նոր իբրեւ Մարդ ծնուելու անհրաժեշտութիւնը, որպէսզի յարութիւն առնի:
31. Արեգը կարգաւորել է տիեզերակարգը, այդ պատճառով էլ Խոյը, Առիւծը, դռները օգնում են նրան:
32. Աղջկայ արթնանալուց յետոյ աղաւաղուած համակարգը կրող ողջ շրջապատը դէմ է դուրս գալիս, պայքարում է իր հաստատման համար, սպառնում է: Բայց այդ սպառնալիքը տեսիլք ու խաբկանք է միայն, գոյութիւն չունի, հիպնոսային երեւոյթ է (զօրքը չկայ, մարդկանց աչքին է զօրք երեւում): Այդպէս խաբկանք է աղաւաղուած ու աններդաշնակ իրական համարուող աշխարհը, եւ ճշմարիտ գոյութիւնն է Կենաց Ծառի արդար աշխարհը: Տիրուհին մոլորուած է: Ողջ փոփոխուած ու խառնուած «համակարգը» Արեգի սիրած աղջկայ հետ միասին ոտքի է ելել՝ սպառնալով ու պահանջելով Հաւքը տանողին:
Զօրքն իրական չէ, եւ մարդիկ չեն տեսնում այն համակարգը, որի մէջ ապրում են, այլ ամէն բան կատարում են կուրօրէն, ինչպէս քնած, կոյր ու խուլ մեքենաներ:
Եւ աղջիկը դեռ չի տեսել Արեգի ճակատին վառուած Արար աշխարհի Սէրը, դեռ չի ճանաչել Կենաց Ծառը փնտրող տղային, ով սիրում է իրեն:
Աղջիկն արթնացաւ տեսնելու համար, սակայն դեռ պէտք է յարութիւն առնի՝ կրելով Ճշմարտութիւնն ու Սէրը:
ԳԻՐ ԱՆԵԼ.
Նշանակում է կախարդել, որ կոչւում է նաեւ կապ կապել, մոգութիւն անել:
33. ՋՈՒՐ ՇԻՆԵԼ.
Նշանակում է Ջրյեղեղ: Երբ ամէն բան ջուր է դառնում, մարդու մէջ իսպառ փլուզւում է Կենաց Ծառը, վերանում է մարդու նշանը, աղաւաղուածն էլ է վերանում, մարդու միտքը ջուր է կտրում, եւ այդ ջրերի մէջ խեղդւում է մարդը՝ մարդկային յատկանիշները, մնում է միայն քայլող վայրենին, քանզի Մարդը նա է, ում մէջ մարդկութիւն կայ: Սա մահուան ջուրն է: Կայ նաեւ կեանքի ջուրը, որի մասին հէքիաթներում ասւում է, որ նրա մէկ կաթիլով ծով եր ու ովկիանոսներ կ’առաջանան, եւ որ այդ ջրով է ջրւում Կեանքի Ծառը:
34. Յաւերժական դրախտի կարգն է հաստատուած: Յաթանակում է բանական հոգով մարդը: Գազանացած մարդը կրկին Մարդ է դարձել, կայ Մարդու նշանը:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s