Առաջին հանրապետության մասին

Հայոց պետականության կառուցման գործում առաջին հիմնաքարը դրած Հայ հեղափոխական դաշնակցությունը Առաջին Հանրապետության հիմնական խորհուրդն է համարում այն փաստի հաստատումը, որ հայ ժողովրդի ու հայոց պետականության գոյությունը անքակտելի են:

Թե’ Դաշնակցությունը, թե’ կոմկուսը, որը Խորհրդային միության կազմում շարունակեց հայոց պետականության կայացման գործը, այսօր Առաջին Հանրապետության ամենանշանակալի դասը համարում են քաղաքական գործիչների նվիրվածությունը իրենց գործին, ինչը ներկայիս քաղաքական գործիչներին պակասում է: Միեւնույն ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության եւ կոմկուսի ներկայացուցիչները ամենաէական բացթողումների շարքում նշում են հեռատեսության եւ դիվանագիտական հմտության պակասը:

Նորանկախ Հայաստանում առաջին իշխանությունը ձեւավորած ՀՀՇ-ի անդամ Հովհանես Իգիթյանը Առաջին Հանրապետության թերի ժառանգությունից առանձնացրեց չհստակեցված սահմանները` նշելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունների համար կար անկախություն ձեռք բերելու երկու ուղի` անկախության հռչակումը կամ անկախության վերականգնումը: Սակայն, եթե անկախության վերականգնումը հնարավոր էր 1940 թվականին այն կորցրած բալթյան պետությունների համար, Հայաստանը այդ ճանապարահով գնալ չէր կարող, որովհետեւ «հստակեցված չէին սահմանները»:

Հիմնական դասը, որը կարելի է քաղել Առաջին Հանրապետության պատմությունից, Հովհաննես Իգիթյանը համարում է Լեռնային Ղարաբաղի՝ դեռ այն տարիներին մղած ինքնուրույն պայքարի ու միառժամանակ ինքնուրույն գոյատեւման փաստը:

Թեեւ Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ լի բացթողումներով ու թերություններով, բոլոր ուժերի ներկայացուցիչները համամիտ էին, որ այն տարիներին անկախության կորուստը անխուսափելի էր ու ինչ-որ տեղ՝ օրինաչափ, եւ որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը գոյություն չէր ունենա, եթե չլիներ Առաջին Հանրապետությունը:

Հունվարի 11-ին Մոսկվայում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ 

«Հատուկ ուշադրություն է դարձվելու աջակցության ցուցաբերմանը այն շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողությունների արդյունքում, քննարկվելու է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ու զարգացումը։

Բացի այդ, նախատեսված են Պուտինի առանձնազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»։

***

Վերջին օրերին  մամուլում և սոցցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ արդարադատության նախարարությունն ստացել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում ստորագրվելիք պայմանագրի նախնական տարբերակը: Այս առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ գերատեսչությունը «որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»։ 
 
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»,- նշել է Բադասյանը:

Երիտթուրքական հեղաշրջումը

Ինչպես տեսանք, Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:

1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:

Առաքելոց վանքի կռիվը

1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:

Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:

Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:

1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:

Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:

Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:

Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:

Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն:

ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ

1905–06 թթ-ի հայ-թաթարական (Կովկասի մահմեդական ազգաբնակչության) ընդհարումները  Ռուսաստանի առաջին բուրժուադեմոկրատական  հեղափոխության (1905–07 թթ.) ժամանակ ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով Անդրկովկասում ցարական իշխանությունների հրահրած ազգամիջյան բախումներն են: Հարևանությամբ ապրող ժողովուրդների, մասնավորապես հայերի, վրացիների ու Կովկասի թաթարների միջև այլատյացության առանձին դրսևորումներ միշտ էլ եղել են: Սակայն XIX դարի վերջին – XX  դարի սկզբին ցարական իշխանությունները դրանք հասցրին պետական քաղաքականության մակարդակի և օգտագործեցին սեփական խնդիրները լուծելու, տեղերում իրենց հակաազգային ծրագրերն իրականացնելու նպատակով: Հայերի ու թաթարների միջև նախ՝ խորացվեց այլատյացությունն արդյունաբերության և հատկապես Բաքվի նավթարդյունաբերության մեջ իրենց ձեռներեցությամբ աչքի ընկնող հայերի ու հիմնականում սևագործ թաթար բանվորների միջև, ապա՝ այդ հակամարտությունը հասցվեց բացահայտ թշնամանքի՝ 2 կողմերին միմյանց դեմ հանելու, թուլացնելու, ջլատելու և առանձին-առանձին հնազանդեցնելու նպատակով:  1905 թ-ի փետրվարի 6-ին Բաքվում տեղական իշխանությունների և անձամբ նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա: Հրդեհեցին հայկական թաղամասեր, կողոպտեցին հայերի գույքն ու կահ-կարասին: Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնեց դաշնակցությունը, միաժամանակ սպառնագիր ուղարկեց նահանգապետին, որտեղ ասվում էր. «Պաշտպանեցեք ժողովուրդը, եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»: 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորեց ու կողոպտեց հայերին. հայ բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Նախահարձակ թաթարներին ոգևորում էին նաև թուրքական ծպտյալ գործակալները:Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխչյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպեցին ինքնապաշտպանական խմբեր: Քառօրյա արյունալի ընդհարումներից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն ցարական կառավարության հետադիմական ուժերի ջանքերով այդ բախումները տեղափոխվեցին նաև Անդրկովկասի այլ քաղաքներ:1905 թ-ի օգոստոսին արյունալի բախումները վերսկսվեցին Բաքվում, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 400 մարդ: Հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորերը. վնասը շուրջ 25 մլն ռուբլի էր: Նոյեմբերի 20-ին Բաքվում ծավալվեց հայ-թաթարական ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ տեղի ունեցան նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: Զինված հրոսակները (1905 թ-ի մայիսի 12–15-ը) կողոպտեցին ու կոտորեցին հայերին: Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս մնացին միայն 4-ը: Տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին ու հրդեհվեցին, հայ ազգաբնակչությունը տվեց շուրջ 400 սպանված և վիրավոր: Բռնությունների ալիքը Նախիջևանից անցավ Շարուր-Դարալագյազի գավառ, Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններ: Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ելիզավետպոլի նահանգում և բոլոր այն վայրերում, որտեղ հայ ու թաթար խառը բնակչություն էր ապրում:Երևանի նահանգում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Դումանը, Արցախում այն գլխավորեցին Վարդանն ու Համազասպը, Զանգեզուրում՝ Քեռին, Թիֆլիսում՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան):Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին հին ու նոր բազմաթիվ խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաճին և ուրիշներ:Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի մայիսի 23–25-ը: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել: Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում, Վարանդայում: Այստեղ թաթար հրոսակապետներից ակտիվ էր հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվեցին 1905 թ-ի օգոստոսի 7-ից և տևեցին մի քանի շաբաթ, որոնք կրկնվեցին նաև 1906 թ-ի հունիսին: Թիֆլիսում բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի նոյեմբերին: Շուրջ 500 հայ  կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22–25-ը) հակահարված տվեցին թաթար խուժանին և ապահովեցին Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը: Թեև 1906 թ-ին որոշ վայրերում բախումները կրկնվեցին, սակայն այլևս զանգվածային բնույթ չստացան և ավարտվեցին սեպտեմբերին: Հայ-թաթարական բախումները կանխելու առաքելությամբ էին գործում Հովհաննես Թումանյանը և թաթար բանաստեղծ Միրզա Սաբիրը. սպիտակ դրոշը ձեռքներին` նրանք շրջում էին հայկական ու թաթարական բնակավայրերում և խաղաղության կոչեր անում: Կովկասյան պաշտոնյաների առավել հայատյաց ներկայացուցիչների նկատմամբ ՀՀԴ-ն մահվան դատավճիռ կայացրեց:1905 թ-ի մայիսի 11-ին Բաքվում սպանվեց հայտնի հայատյաց, տեղի հայության ջարդերի գլխավոր հրահրող ու կազմակերպիչ, նահանգապետ Նակաշիձեն: Վրիժառուն երիտասարդ Դրոն էր (Դրաստամատ Կանայան): Վրիժառուները սպանեցին Բաքվի ջարդերի նաև այլ պատասխանատուների՝ Մահմեդբեկովին, Միքելաձեին, Շահթախթինսկուն: Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն:Նիկոլ Դումանը կազմակերպեց Երևանի նահանգի թուրքամոլ պաշտոնյա Կենգեռլինսկու հետապնդումն ու սպանությունը. վերջինս խրախուսել էր թաթարների վայրագությունները: 1905–06 թթ-ի ազգամիջյան բախումների ժամանակ ցարական պաշտոնյաներն ու ոստիկանությունը, որպես կանոն, աջակցում էին թաթար խաժամուժին: Կովկասի փոխարքայի գիտությամբ և հովանավորությամբ թաթար հրոսակները Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում ստեղծեցին «Դիֆայի» («Պաշտպանություն») կազմակերպությունը, որի նպատակը Բաքվի մահմեդական կապիտալիստների օգնությամբ ողջ Ղարաբաղի հողերը գնելն էր՝ դրանք բացառապես մահմեդականներով բնակեցնելու համար. «Ղարաբաղը վերածել մուսուլմանական պրովինցիայի, զենքով և փողով պարտադրել ղարաբաղցիներին դուրս գալ այնտեղից», Ղարաբաղը դարձնել ադրբեջանական տարածք: «Դիֆային» զբաղվում էր ոչ միայն ահաբեկչությամբ, այլև մահասարսուռ թռուցիկներ էր տարածում՝ լուսնի վրա խաչվող 2 դաշույնների դրոշմով:  Ի պատիվ ղարաբաղցիների՝ ոչ ոք չհամաձայնեց իր տունն ու տեղը թողնել մահմեդականներին և հեռանալ:

Թուրք-հայկական պատերազմը

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։

19-րդ դարի ամփոփիչ եզրակացություն

Եթե երկու ամսից ավել է ինչ ուսումնասիրում ենք 19-դարի տարբեր պայմանագրեր, որոնք վերաբերվում էին նաև Հայաստանին։ Իմ կարծիքով՝ չկար այդպիսի պայմանագիր, որ լիովին մենակ հայ ժողովուրդի շահերից բխեր։ Այդ պայմանագրերը ավելի շատ օգնում էին այլ երկրներին։ Հայաստանում տիրում էր պատերազմական իրավիճակ, միակ փրկությունը հողերը հանձնել հարևան երկրին։ Ես մտածում եմ ավելի լավ է հողերտ տալ հարևան երկրին, իմանալով որ կարող ես այնտեղ մուտք գործել քան տաս թշնամուտ ։ Կնքվում է Գյուլիստանի և Թուրքմենչիայի պայմանագիրը, ըստ որի հայերը ձեռք են բերում ազատ շարժվելու իրավունք ։

Մկրտիչ Խրիմյան

Խրիմյան Հայրիկը հայ պատմության կարևորագույն դեմքերից է, ով այնքան գործեր կատարեց հայերի,Հայաստանի համար։ Նրանից, նրա անցած ուղղուց շատ բան կարելի է սովորել, դասեր քաղել։ Մարդ, ով լինելով հոգևորական դասի ներկայացուցիչ, բոլոր ոլորտների զարգացման գործում ներդրում ունեցավ։ Պարզապես դիտեք, ուսումնասիրեք․ իր խոսքերն ու գործունեությունը այսօր էլ չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը։ Առաջարկում եմ սկսել այս նամակն ընթերցելուց։ Մտածեք յուրաքանչյուր տողի մասին։

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:

Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի: